Անցնող օրերը գավաթային էին իտալական, գերմանական, իսպանական, ֆրանսիական ֆուտբոլում ու նաև հետաքրքիր մի շարք հանդիպումների առումով:
Իտալականում բավական համեստ ակումբի համբավ ունեցողներ «Սպեցիան» ու «Կարպին» մատուցեցին տհաճ անակնկալներ իրենց մրցակիցներին: Առաջինը «Ռոմային» ստիպեց բավարարվել ոչ-ոքի արդյունքով՝ ամբողջ 120 րոպե անառիկ պահելով սեփական դարպասը, ապա հետխաղյա տասնմեկմետրանոցներով՝ 4։2, դուրս մղելով հետագա պայքարից: Նույն մեկ ութերորդից «Ֆիորենտինային» հանդիսատեսի վերածեց «Կարպին»՝ առավելության հասնելով նվազագույն հաշվով: «Նապոլին» երեք անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնեց «Վերոնային», «Յուվենտուսը»՝ «Թուրինին»՝ 4:0:
Գերմանական գավաթայինում, որտեղ նույնպես մեկ ութերորդի փուլն էր, Դորտմունդի «Բորուսիան» համոզիչ էր «Աուգսբուրգի» հետ հանդիպումում՝ 2։0 (գոլերից մեկի հեղինակը Հենրիխ Մխիթարյանն է): Նույնպիսի արդյունքներ են գրանցվել նաև «Նյուրնբերգ»-«Հերտա», «Մյունխեն»-«Բոխում» դիմակայություններում: Իսկ ահա «Շտուտգարտ»-Բրաունշվայգի «Այնտրախտ» մրցակցության ելքը որոշվել է լրացուցիչ խաղակեսում, որն առավել հաջող է եղել հյուրընկալող կողմի համար՝ 3:2:
Իսպանականում մեկ ութերորդ տանող ճանապարհը հաղթահարել են «Խետաֆեն», «Ռեալ Սոսիեդադը», «Էյբարը», «Աթլետիկը», «Մալագան», «Միրանդեսը»: Բնականաբար չի կայացել «Ռեալ»-«Կադիս» պատասխան հանդիպումը, քանի որ արքայականն առաջին խաղի արդյունքով որակազրկվել էր:
Ֆրանսիականում անակնկալի հեղինակ է դարձել մրցաշրջանը ձախողած «Բորդոն»: Այն զարմանալի հեշտությամբ առավելության է հասել «Մոնակոյի» նկատմամբ՝ 3:0: «Պարի Սեն Ժերմենը» պայքարից դուրս է մղել «Սենտ Էտիենին»՝ 1:0, «Լիոնը»՝ «Տուրին» (2:1), «Մարսելը»՝ «Բուր ան Բրեսին»՝ 3:2:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ